Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Սարգսյան. Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է

02.09.2014, 13:50
Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է, ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ արցախցիներին ուղղված շնորհավորական ուղերձում։
Սարգսյան. Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի  իրականություն է
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է, ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ արցախցիներին ուղղված շնորհավորական ուղերձում։

«Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է: Ողջ հայության աջակցությամբ, և առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիվ, ինչպես նաև մեծագույն զոհողությունների գնով դուք ստեղծեցիք և կայացրիք պետականություն»,– ասվում է Սարգսյանի ուղերձում։

Նախագահի խոսքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանորեն տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, հզոր բանակով և պետական կուռ կառույցներով:

«Ժողովրդավարության խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպես նաև տնտեսական աճի տեմպերը ԼՂՀ-ում տպավորում են ոչ միայն մեզ: Արցախը և՛ իրեն, և՛ աշխարհին արդեն ապացուցել է, որ կայացած և ծաղկուն պետություն լինելու համար ունի հզոր քաղաքակրթական պաշար»,– նկատել է Սարգսյանը։

Նախագահն ընդգծել է, որ «մեզ պարտադրված պատերազմը և սահմանների երկայնքով իրականացվող պարբերական սադրանքները ոչինչ են այն հզոր ոգու համեմատությամբ, որ առաջնորդում է արցախցուն և ողջ հայությանը»:

«Այդ ոգին առաջնորդեց մեր հերոսներին դեպի ազատամարտ և այդ ոգին է մեզ այսօր առաջնորդում դեպի արարում»,– ասվում է Սարգսյանի ուղերձում։

Նախագահը նաև շնորհավորել է հայրենակիցներին Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ և մաղթել նրանց խաղաղ երկինք և առաջընթաց։

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։   

Ղարաբաղի ամբողջական ինքնավարությունն ամրագրվեց 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Այսօր ԼՂՀ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, որն ապահովում  է իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։

Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից մեկն է։
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի վիճարկվում միջազգային հարության կողմից, և խնդրի կարգավորման սկզբունքներից մեկն է։ –0–