Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Սերբիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

10.10.2014, 19:45
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ուրբաթ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
Սերբիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ուրբաթ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

Այցի շրջանակներում ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որից հետո Հայաստանի և Սերբիայի նախագահները կմեկնեն Դիլիջան՝ մասնակցելու Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողությանը:

Նույն օրը երեկոյան նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կդիտեն Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա խաղը:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 12-ին Սերբիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:

Այնուհետև ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենան հայ-սերբական ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց կհաջորդի երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Նախատեսված է նաև Սերբիայի նախագահի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Նույն օրը նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ծաղկեպսակ կդնի Արմավիրի մարզում գտնվող սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Սերբիայի նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան և Մայր տաճար: --0--