Խփված ուղղաթիռի հետ կապված միջադեպը վկայում է ղարաբաղյան բանակցային գործընթացի խրթին լինելու մասին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
14.11.2014,
19:32
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ուրբաթ հանդես է եկել հայտարարությամբ ԼՂՀ-ում ուղղաթիռի կործանման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ուրբաթ հանդես է եկել հայտարարությամբ ԼՂՀ-ում ուղղաթիռի կործանման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը:
Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խփել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում:
«Մենք անկեղծորեն ցավում ենք նոյեմբերի 12-ին երեք հայ զինվորականների կյանք խլած միջադեպի համար և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և մերձավորներին», - ասել է դեսպանը:
«Միջադեպը, ցավոք, հերթական անգամ վկայում է այն մասին, թե որքան երկար և բարդ է բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհը», - նշվում է ֆրանսիացի դիվանագետի հայտարարության մեջ:
«Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան` կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա օրերին և շաբաթներին կողմերը ձեռնպահ մնան բանավոր լարվածության և սադրանքի ցանկացած դրսևորումից և վերադառնան Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հանդիպումների ժամանակ մեկնարկած երկխոսության դինամիկային», - նշել է Շարպանտիեն:
Դեսպանը նաև ընդգծել է, որ վստահության միջոցառումների որդեգրումը անհրաժեշտ է ավելի քան երբևէ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-