Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

21.04.2016, 16:29
Սիցիլիայի նահանգային խորհրդարանը նախօրեին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սիցիլիայի նահանգային խորհրդարանը նախօրեին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:

Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածելու պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության:

Բանաձևի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն (Cordaro Salvatore), Դ’Ազերո Անտոնինոն (D'Asero Antonino), Պապալե Ալֆիոն (Papale Alfio) և Գրասսո Բեռնադետտե Ֆելիչեն (Grasso Bernadette Felice):

Բանաձևի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս 2015թ. նոյեմբերի վերջին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի Պալերմո այցի ժամանակ` Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի (Giovanni Ardizzone) հետ հանդիպմանը:

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը աշխարհի հնագույն խորհրդարաններից է (հիմնվել է 1097թ.) և Իտալիայի ինքնավար շրջանների այլ խորհրդարանների համեմատ ամենալայն լիազորություններն ունի:

 Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000 թվականին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-