Ստեղծված իրավիճակը մեզ բոլորիս պարտավորեցնում է սթափ գնահատել քաղաքական հնարավորությունները. Արտակ Զաքարյան
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ–ն անելիք ունի երկրում ստեղծված իրավիճակում, Aravot.am-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Զաքարյանի խոսքով, Հանրապետական կուսակցությունը մնում է գաղափարական կուսակցություն` անկախ նրանից, թե հասարակությունն ինչպես է նրան վերաբերվում։
«Պետության համար առանցքային հանդիսացող ներքին և արտաքին հարցերում ՀՀԿ-ն միշտ էլ ցուցաբերել է քաղաքական բարձր պատասխանատվություն: Մենք երբեք չենք խուսափել բարդ ու դժվարին իրավիճակներից, երբեք չենք ընկրկել արտաքին ու ներքին մարտահրավերների առաջ»,– ասել է Զաքարյանը։
Նա խոստովանել է, որ կուսակցությունը, գուցե լիարժեք չի կարողացել արդարացնել իրենից սպասվող բազմաբնույթ ակնկալիքները, գուցե ժամանակի ընթացքում նրա մի շարք բացթողումներ կուտակվել և հանրության դժգոհությունն են առաջ բերել:
Բայց նա միաժամանակ նշել է, որ դա կուսակցության քաղաքական կենսագրության մի մասն է, և դրանից փախչելու տեղ չկա։
«Ստեղծված իրավիճակը մեզ բոլորիս պարտավորեցնում է սթափ գնահատել քաղաքական հնարավորությունները, ձերբազատվել անցյալի բացասական երևույթներից և նորովի անդրադառնալ պետության ու հասարակության առջև առկա խնդիրների լուծմանը»,– ասել է պաշտպանության նախկին փոխնախարարը։
Նա ընդգծել է, որ կուսակցությունն իրավունք չունի հետ քաշվել ու բաց դաշտում միայնակ թողնել անփորձ ու ռոմանտիկ քաղաքական գործիչներին` հաշվի առնելով տասնամյակների քաղաքական փորձը, հանրային ու պետական կառավարման հսկայական գիտելիքներն ու հմտությունները, կուտակված արտաքին հարաբերություններն ու դրանցում շահավետ գործելու կարողությունը։
«Դեռևս չունենք վերջնական որոշում, բայց իմ անձնական կարծիքն է, որ առաջիկա ընտրություններում Հանրապետականը պետք է փորձի հասարակությանն ապացուցել, որ որպես քաղաքական ուժ ասելիք ու անելիք ունի»,– ասել է Զաքարյանը։
Օրեր առաջ ՀՀԿ–ն հայտարարություն էր տարածել, նշելով, որ չընդունելով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16–ի երեկոյան հրաժարական տվեց, որպեսզի դեկտեմբերին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ -0-