Տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շրջանակում․ Փաշինյանն՝ Իրանի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։
Վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել ԻԻՀ նախագահի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կարևորությունը։
Նշենք, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է միջազգային սահմանները և չի ընդունում դրանց որևէ փոփոխություն։ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ներառում է հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանք, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և սահմանների ցանկացած փոփոխության անընդունելություն։
«Սրանք բացարձակապես համապատասխանում են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին։ Միջանցքի հարցը լիովին փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում», – նշել է Արաղչին։
Օգոստոսի 9–ին Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին Tasnim–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը դեմ է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանի տարածքով և կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, և կարգելափակի ամերիկյան միջանցքը Կովկասում։ Նա նաև նշել է, որ հայ ժողովուրդը նույնպես կտրականապես դեմ է միջանցքի ծրագրին, քանի որ այն կհանգեցնի երկրի մասնատմանը։ Վելայաթիի խոսքով, Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապը կարող է իրականացվել Իրանի միջոցով։
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։