Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՀՀ-ն դեմ չէ արտապատվիրակմանը. ՀՀ փոխարտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով արտապատվիրակման սկզբունքի կիրառման հարցը մնում է Հայաստանի համար քննարկման առարկա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ հաստատելով, որ ապաշրջափակման հարցում կարող է լինել վերահսկողությունը լիցենզավորված միջազգային կազմակերպությանը հանձնելը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այս համատեքստում «վերահսկողություն» տերմինը սխալ է։
«Այս գործընթացը պետք է տեղի ունենա ՀՀ իրավազորության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ներքո։ Եթե ամեն ինչ համապատասխանի այս սկզբունքներին, այո, դա կարող է իրականացվել։ Դա քննարկման հարց է։ Մենք այս մասին հրապարակավ բազմիցս հայտարարել ենք», - ասել է փոխարտգործնախարարը։
Հարցին, թե արդյոք ամերիկյան վերջին առաջարկները, որոնց առկայությունը վերջերս հաստատել է արտգործնախարարությունը, ներառվա՞ծ են Աբու Դաբիում ՀՀ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունների օրակարգում, Սաֆարյանն, առանց բացահայտելու դրանց էությունը, պատասխանել է. «Տարբեր առաջարկներ գտնվում են քննարկման փուլում (ապաշրջափակման գործընթացի, խմբ.):
Նրա խոսքով, եթե դրանք համապատասխանում են ՀՀ շահերին և այն սկզբունքներին, որոնք Հայաստանը բարձրաձայնել է ապաշրջափակման շրջանակում, «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի շրջանակում կարող են դիտարկվել։
Անդրադառնալով ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ հարցազրույցի վերաբերյալ մամուլում կատարված հրապարակումներին՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանել է.
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը»,-նշել է Բադալյանը։
Բադալյանը նշել է, որ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։
Նա ընդգծել է, որ որ կապուղիների ապաշրջափակման տեսլականը խարսխված է վերոնշյալ հիմնարար սկզբունքների վրա և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությունը, այդ թվում՝ միտումնավոր խեղաթյուրող հրապարակումներից, գործունեությունից։ Սույնով ակնկալում ենք թեման այլափոխած հրապարակումների հեռացում, հերքում և այս հրապարակման տարածում։
Անի Բադալյանը ուղիղ մեջբերում է կատարել փոխնախարարի խոսքից.
«Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին՝ այո, կարող է իրականացվել»,-գրել է նա։