Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Քսավյե Բեթելի հանդիպումը. Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը

13.05.2019, 15:46
Լյուքսեմբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Քսավյե Բեթելի հանդիպումը. Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Լյուքսեմբուրգի վարչապետը ողջունել է Հայաստանի իր գործընկերջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Քսավյե Բեթելը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով և համոզմունք հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հասնել հաջողությունների և իրականացնել նախանշված ծրագրերը, Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու բարեփոխումները: Լյուքսեմբուրգի վարչապետը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։ 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հավելել, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Գործադիրի ղեկավարը կարևորել է տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Այդ առումով Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով` Հայաստանում իրականացվող բարեփոխումները մեծապես նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար ստեղծում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում ավարտվել է հեղափոխության առաջին փուլը և այժմ կառավարության քայլերն ուղղված են երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը: 

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և կարևորել լյուքսեմբուրգյան ընկերությունների մասնակցությունը այդ կարևորագույն ներկայացուցչական միջոցառումանը: 

Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում` տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Գործարար կապերի ակտիվացման նպատակով կողմերը կարևորել են բիզնես ֆորումների կազմակերպումն ու անցկացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էապես ընդայնել կապերն ու ավելացնել առևտրաշրջանառության ծավալները: 

Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ակտիվորեն համագործակցել և օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Քսավյե Բեթելն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը նաև կրթության ոլորտում, մասնավորապես, բուհերի միջև և իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: 

Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին հրավիրել է Հայաստան և նշել, որ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ ՀՀ վարչապետը կարճատև հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ:–0–