Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

ՀՀ ՔԿ–ն հրապարակել է Պերմյակովի հարցաքննության տեսագրությունը

22.01.2015, 22:00
ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի հարցաքննության տեսագրությունը, ով մեղադրվում է Գյումրիում մի ողջ ընտանիքի սպանության մեջ, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը։
ՀՀ ՔԿ–ն հրապարակել է Պերմյակովի հարցաքննության տեսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի հարցաքննության տեսագրությունը, ով մեղադրվում է Գյումրիում մի ողջ ընտանիքի սպանության մեջ, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ ՀՀ ՔՕ–ի 104–րդ հոդվածի («Երկու և ավելի անձանց սպանություն») հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին։

«Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի և թարգմանչի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կադրերում երևում են նաև փաստաբանը և թարգմանիչը, որոնց դեմքերը փակվել են՝ նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով։

Հաղորդագրության համաձայն` հայ քննիչները Վալերի Պերմյակովից վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։

«Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և  ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին։ Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ և  ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը և  բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի  տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

Ռուսական կողմը Պերմյակովին առաջադրել  է ՌԴ ՔՕ–ի «երկու և ավելի անձանց սպանություն», «դասալքություն` ծառայության նպատակով վստահված զենքով» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): -0-