TRIPP-ի շրջանակում կլինեն Հայաստան-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն և տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կլինի Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ հիմնադրված ընկերություն, և կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը:
Այդ մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրագործման փուլին:
«Ուզում եմ հիշեցնել, որ այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է: Հաջորդիվ ի՞նչ է տեղի ունենալու. հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծում, որը հենց կլինի TRIPP ընկերություն կամ TRIPP գործընկերություն»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կլինի նաև տնօրենների խորհուրդ, որում ներկայացված կլինեն Հայաստանը և Միացյալ Նահանգները։ Տնօրենների խորհրդում բաշխվածությունը կախված կլինի նաև մասնաբաժիններից, որի շուրջ ներկայումս քննարկումներ են տեղի ունենում:
Վարչապետն արձանագրեց նաև, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք՝ այն համարելով շատ կարևոր ըմբռնում և արձանագրում։
Վաշինգտոնյան հռչակագրի մասին
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։