TRIPP ճանապարհը ոչ մի դեպքում չպետք է դառնա գործիք օտարների կողմից Իրանի դեմ․ ՀՀ-ում Իրանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/ԱՌԿԱ/․ TRIPP ճանապարհը, որը հաղորդակցային տեսանկյունից հնարավոր է Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծի, ոչ մի դեպքում չպետք է դառնա աղբյուր և գործիք օտարների կոմից Իրանի դեմ օգտագործվելու հարցում։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագծին, եթե այն կարող է ապահովել Հայաստանի շահերը: Հայաստանի իշխանությունները մեզ մշտապես հավաստիացնում էին, որ ոչ մի պարագայում այս ճանապարհը ռազմական ու անվտանգային իմաստ չի ստանա և Հայաստանի ինքնիշխանությունը այս ճանապարհին կպահպանվի։ Մենք չենք ցանկանում այս պահին ընկնել այդ գուշակումների մեջ, թե արդյոք Ամերիկան ունի նման պլաններ, թե ոչ»,- նշել է Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև կա վստահություն։
Ըստ դեսպանի՝ Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին:
«Տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը ձեռնտու և շահեկան է բոլորի համար։ Հուսով ենք, խաղաղությունը Հարավային Կովկասում, ի հեճուկս պատմական որոշ տարաձայնություններին, կպահպանվի, և դա ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին», - ասել է Շիրղոլամին։
Դեսպանն ընդգծել է, որ Իրանն աջակցում է խաղաղությանը տարածաշրջանում։