Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա ՀՀ–ն, ներառելու է ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա. Ռուբինյանը՝ Փաշինյան–Թրամփ–Ալիև հանդիպման մասին

08.08.2025, 14:20
ԱԺ փոխնախագհ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա
Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա ՀՀ–ն, ներառելու է ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա. Ռուբինյանը՝ Փաշինյան–Թրամփ–Ալիև հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ փոխնախագհ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա։ 

«Այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն», – նշել է նա Facebook–յան իր էջում։ 

Ռուբինյանը նաև ավելացրել է, որ պայմանավորվածությունը նաև ներառելու է ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: 

«Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով: Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն», – նշել է ԱԺ փոխնախագահը։ 

Նշենք, որ լրատվամիջոցներում և սոցցանցերում բուռն քննարկումներ են ծավալվել այն հարցի շուրջ, որ Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների սեղանին դրված են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ փաստաթղթեր։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյանի, Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը՝ երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ, և նշել էր, որ ԱՄՆ-ն երկու երկրների հետ նույնպես կստորագրի երկկողմ համաձայնագրեր տնտեսական հնարավորությունների համատեղ զարգացման վերաբերյալ, «որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։