Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+21

Գագիկ Ծառուկյանը հեռացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնից

05.03.2015, 16:25
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեց հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից։
Գագիկ Ծառուկյանը հեռացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեց հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից։

«Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի և գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան», – հայտարարեց Ծառուկյանը հինգշաբթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ։

Նշելով, որ որոշել է վայր դնել նաև խմբակցության ղեկավարի լիազորությունները` Ծառուկյանն ընդգծել է, որ սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է:

«Սա իմ անձնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք», – ասել է նա։

Ծառուկյանը նաև ընդգծել է, որ քաղաքականության մեջ գտնվելու տարիներին երբեք չի հետապնդել անձնական շահ, չի օգտագործել ժողովրդի աջակցությունը անձնական նպատակներով:

«Չեմ փոխանակել ժողովրդի հավատը պաշտոնների և այլ շահի հետ: Իմ թիմի և ժողովրդի մեջքի հետեւում գործարքներ չեմ կնքել: Այս բոլոր տարիների ընթացքում ես հետապնդել եմ պարզ, մարդկային նպատակ՝ իմ ժողովրդի աչքերում տեսնել ժպիտ, և ոչ թե արցունքներ», – ասել է նա։

Ծառուկյանը նաև նշել է, որ քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով փորձել է լուծումներ գտնել, պայքարել ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: «Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ: Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն: Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է», – ընդգծել է նա։

Միաժամանակ նա խնդրել է այլևս քաղաքական հարցերով չդիմել իրեն` պարզաբանելով, որ չի խառնվելու կուսակցության որևէ որոշման: «Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, և կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է., – ընդգծել է Ծառուկյանը` շնորհակալություն հայտնելով իր բոլոր թիմակիցներին, կառույցների ղեկավարներին, պատգամավորներին և շարքային բհկականներին։

Ծառուկյանը ԲՀԿ խմբկացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է կուսակցության նախագահի պաշտոնում` հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին:

Փետրվարի կեսերին  սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲԱԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԴ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–-ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Փետրվարի 20–-ին ԲԱԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–