Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Թուրքիայի վարչապետը հանդես է եկել հօգուտ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման

21.01.2015, 12:38
Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն արտահայտվել է հօգուտ 2015 թ.–ին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Anadolu գործակալությանը։
Թուրքիայի վարչապետը հանդես է եկել հօգուտ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն արտահայտվել է հօգուտ 2015 թ.–ին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Anadolu գործակալությանը։

«Մենք (Հայաստանի հետ, խմբագրություն) պետք է ջանքեր գործադրենք` նոր աշխարհ կառուցելու համար», – ասել է Դավութօղլուն Լոնդոն կատարած այցի շրջանակում երեքշաբթի կազմակերպված ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերով` ինքը կցանկանար, որպեսզի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը սկսվեր 2015 թ.–ին։

Դավութօղլուն անդրադարձել է «1915 թ.–ի իրադարձություններին», որոնք մռայլեցնում են երկու երկրների հարաբերությունները։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կիսում է հայերի տառապանքներն ու անկեղծորեն ցանկանում է բուժել վերքերը` վերականգնելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ։

«Միայն խախտելով տաբուները` մենք կկարողանանք հաղթահարել մեծագույն վերքերը, որը սառեցրել է ժամանակը 1915 թ.–ին։ Թուրքիան իր կողմից անցել է այդ ճգնաժամային շեմը` հրաժարվելով ընդհանրացումներից և անցյալի մասին կարծրատիպային պնդումներից», – հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Դավութօղլուն բարձր է գնահատել թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի գործունեությունը, ով սպանվել է թուրք ազգայնամոլի կողմից Ստամբուլում 2007 թ.–ին։ Թուրքիայի վարչապետի խոսքերով` Դինքը «ձգտում էր օգնել ճանապարհների և միջոցների որոնմանը, որոնց օգնությամբ թուրքերն ու հայերը կարող են ընդհանուր ապագա կառուցել»։

Թուրքիայի վարչապետը կոչ է արել հայերին ավելի հաճախ այցելել Թուրքիա և վերջ դնել նախապաշարմունքներին։ Դավութօղլուի խոսքերով` երկու «հին ժողովուրդները պետք է ցուցաբերեն իմաստություն և հասկանան միմյանց»։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թվականի ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:-0-