Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարական տալու որոշում է կայացրել

22.08.2018, 11:14
Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական տալու որոշում է կայացրել։
Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարական տալու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական տալու որոշում է կայացրել։

«Բարեկամներ, մինչ արձակուրդիս ավարտը ևս մի քանի օր կա։ Ժամանակը, որը ես անցկացրի հարաբերական հանգստի մեջ, ամրապնդեց իմ ընդունած կարևոր որոշումը։ Որոշել եմ թողնել դիվանագիտական աշխատանքը»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Մանուկյանը նշել է, որ այդ որոշումը վաղուց է հասունացել։

«Փոքր գաղտնիք բացեմ, վերջին տարիներին մի քանի անգամ դիմել եմ Երևանին` ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ` այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժում եմ ստացել` խնդրանքով շարունակել իմ գործունեությունը որպես ՀՀ–ում Ուկրաինայի դեսպան»,– ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ գործն այն չէ, որ ինքը դեսպանի պաշտոնում աշխատել է երկու ժամկետ և «անցել է պատասխանատու այդ պաշտոնում մնալու բոլոր հնարավոր դեդլայնները»։

«Բանն այն է, որ Հայաստանում այժմ որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ ժամանակն է երիտասարդներին աճի և արտահայտման հնարավորություն տալ։ Լիահույս եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ»,– նշել է Մանուկյանը։
Անդրանիկ Մանուկյանը ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 22–ին Հրազդանի Աղավնաձոր շրջանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1982 թվականին` Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտը։ 1982-1984 թվականներին սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։ Տնտեսական գիտությունների թեկնածու է։

1990-1995 թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1999 թվականին` Հայաստանի ԱԺ պատգամավոր։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

2000 թվականին զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնը, 2000-2001 թվականներին` Հայաստանի պետեկամուտների նախարարի, 2001-2008 թվականներին` Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը։ 2008-2010 թվականներին եղել է Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնում։

2010 թվականի ապրիլի 26–ից զբաղեցրել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ -0-