«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ լքում է կուսակցությունը
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
«Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է»,– նշված է Ուրիխանյանի հայտարարության մեջ։
Նա նշել է նաև, որ շարունակելու է մնալ ժողովրդի կողքին, ամենասուր կերպով բարձրացնելու է մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու է դրանց լուծումները:
«Ես ընդունել եմ հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իմ համախոհների առաջարկն ու մասնակցում եմ «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու եմ պայքարս հանուն ապագայի»,– նշել է Ուրիխանյանը։
Փետրվարի կեսին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է առաջարկված համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:33 26.03.2015