Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Վարչապետ. Հայաստանի բյուջեն կարող էր ավելի հավակնոտ լինել, բայց անկեղծությունն ավելի կարևոր է

09.12.2015, 18:00
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի խորհրդարանում 2016 թվականի պետբյուջեի քննարկումների կապակցությամբ խոստացավ աշխատել անկեղծ և բարեխղճորեն։
Վարչապետ. Հայաստանի բյուջեն կարող էր ավելի հավակնոտ լինել, բայց անկեղծությունն ավելի կարևոր է

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի խորհրդարանում 2016 թվականի պետբյուջեի քննարկումների կապակցությամբ խոստացավ աշխատել անկեղծ և բարեխղճորեն։

ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ 97 «կողմ», 12 «ոչ» ձայներով ընդունեց 2016 թ.–ի պետյբուջեն, երեք պատգամավոր ձեռնպահ մնաց։ Երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի օգտին քվեարկեցին ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Փոփոխությունների արդյունքում ծախսերի մասը կկազմի 1 տրիլիոն 377 մլրդ դրամ (ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը` 25,3 տոկոս), իսկ եկամուտների մասը` 1 տրիլիոն 186,3 մլրդ դրամ (եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը` 21,8 տոկոս)` 197 մլրդ դրամ պակասուրդի դեպքում (պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը` 3,5 տոկոս) Պետբյուջեում ՀՆԱ–ի իրական աճը 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով, ՀՆԱ–ի դեֆլյատորը` 4 տոկոսի չափով, 12–ամսյա գնաճը` 4 տոկոսի չափով (±1,5%), իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3,5 տոկոսի չափով։ Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այն, 2016 թ.–ի արդյունքում, կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը բաժին է հասնում արտաքին պարտքին։

Ինչպես նշեց վարչապետը, նախագծի քննարկումները խորհրդարանում ակտիվ էին, և վազմաթիվ գնահատականներ և առաջարկներ են հնչել մի շարք կարևոր ծրագրերի ֆինանասվորումն ավելացնելու վերաբերյալ։

Աբրահամյանն ընդգծեց, որ ինչպես ցանկացած երկրում, Հայաստանի բյուջեն չի կարող ընդգրկել բոլոր առաջարկությունները, քանի որ դա ոչ միայն ֆինանսական փաստաթուղթ է, այլ նաև քաղաքական գերակայությունների, հնարավորությունների և ցանկությունների առավելագույն համադրման փաստաթուղթ։

Նա նշեց, որ կարելի է ամրագրել տնտեսական աճի ավելի հավակնոտ ցուցանիշներ, իսկ այնուհետև փորձել հիմնավորել դրա բացակայությունը` հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, մասնավորապես, միջազգային ռիսկերը, աշխարհաքաղաքական զարգացումները։

«Լինեմ անկեղծ. բյուջետային քննարկումների ժամանակ եղել է այդ կարգի մոտեցում ևս` գնալ նման ռիսկի, և տնտեսական աճը բյուջեում կանխատեսել ոչ թե իրատեսական 2.2 տոկոս, այլ հայտարարել ավելին:
Բայց իմ մոտեցումներն անփոփոխ են՝ իրավիճակի ճշմարիտ, առանց գունազարդումների ներկայացում՝ միաժամանակ նախանշելով մեր տեսլականն ու առաջնահերթությունները, երկրի կարևորագույն քաղաքական հարթակում հնարավոր զարգացումների վերաբերյալ ազնիվ և անկեղծ երկխոսություն ժողովրդի, քաղաքական ուժերի, պատգամավորների հետ»,– ասաց Աբրահամյանը։

Նա պատասխանեց նաև մի շարք քաղաքական գործիչների քննադատությանը, ովքեր ասել էին, թե 2016 թվականի ներկայացրած բյուջեն կարող էր ավելի հավակնոտ լինել։

«Ասել և գրել կարելի է ցանկացած բան, եթե դու դրա համար պատասխանատվություն չես կրում, և եթե հետագայում մեղավոր չես լինելու ասածը չկատարելու համար։ Կարծում եմ` նման հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է դրան նայել իրականացնող մարդու պատասխանատվության զգացումով»,– ասաց Աբրահամյանը։

Նա վստահություն հայտնեց, որ տնտեսական հաջողությունների կարելի հասնել միայն համատեղ ջանքերի միաբանման, բոլոր կառուցողական առաջարկությունների քննարկման միջոցով, իսկ այդ մոտեցումը հնարավոր է միայն հանդուրժողականության և երկխոսության հիման վրա։

«Կառավարությունն ունի տնտեսական զարգացման իր տեսլականը, և մենք դրա իրականացման քաղաքական կամք ունենք` հաշվի առնելով հասարակության կառուցվածքային մոտեցումները»,– ավելացրեց վարչապետը։ -0-