Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Վարչապետը հանդես է եկել ուղերձով` մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ

01.03.2019, 11:57
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով` մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ։
Վարչապետը հանդես է եկել ուղերձով` մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով` մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ։

Նա նշեց, որ 11 տարի առաջ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում արյուն է հեղվել։ Իշխանությունն ապօրինի ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության 8 քաղաքացիներ սպանվել են, ևս երկու հոգի մահացել են ավելի ուշ՝ այդ օրը ստացած վերքերից:

Վարչապետի խոսքով, 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենեւին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր` նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը:

Փաշինյանը նշեց, որ մարդասպանը, կրակելիս, հաստատ իմացել է, որ կրակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա: «Հետևաբար, Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է»,– ասաց նա։

Վարչապետը փաստեց նաև, որ 2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երևույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում:

Փաշինյանը կրկին շեշտեց, որ վերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել: Նրա խոսքով, Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների արհամարհման ու ոտնահարման, ամենաթողության ու լկտիության ժամանակներին:

Այս կապակցությամբ նա 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների հավատարմությունը արձանագրելու համար, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար, ներողություն խնդրեց։

«Պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից»,– նշվում է վարչապետի ուղերձում։

Նա ներողություն խնդրեց նաև Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, իշխանության վերնախավի կողմից կազմակերպված և համակարգված ապօրինությունների, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների համար՝ արձանագրելով, որ բռնությունով հարցեր լուծելու էջը փակված է Հայաստանում։

Նա որպես միասնական առաքելություն նշեց Հայաստանը իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների երկիր դարձնելը, ավելացնելով, որ այդ առաքելությունից ոչ մի միլիմետր շեղում չի լինելու։

Այս համատեքստում վարչապետը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը, վարչապետը որևէ ապօրինության ոչ թե հովանավորն է ու համակարգողը, այլ հակառակորդը ու հակոտնյան:

Ուղերձի վերջում Փաշինյանը հրավիրեց բոլորին ուրբաթ ժամը 18.30-ին Երևանի Ազատության հրապարակից երթ իրականացնելու դեպի Մյասնիկյանի արձան:

«Մենք այս քայլերթով մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի, քաղաքական բոլոր սպանությունների զոհերին եւ մեր վճռական ոչը կասենք բռնություններին, անարդարությանը, ապօրինություններին, կոռուպցիային, ընտրակեղծիքներին, իրավունքների ոտնահարմանը»,– ասաց նա, ավելացնելով, որ այս գարունը Հայաստանի քաղաքացին է բերել Հայաստանին։ -0-