Վարչապետը Եվրախորհրդի նախագահի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Զրույցի առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ կողմերն ունեցել են հանգամանալից քննարկում:
Վարչապետ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա և վերստին ընդգծել ռազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության անթուլատրելիությունը:
Նախագահ Միշելը կարևորել է հրադադարի շուտափույթ հաստատումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսումը:
Որպես խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտ պայման՝ վարչապետ Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը և Թուրքիայի ներգրավվածության իսպառ բացառումը տարածաշրջանում:
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–