Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանը դե յուրե ՀԱՊԿ անդամ է, բայց ՀՀ ղեկավարությունը հետևում է փոխգործակցությունից հեռանալու գծին. Զախարովա

04.09.2024, 13:31
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմն ակնկալում է Երևանի՝ ՀԱՊԿ լիիրավ մասնակցության վերականգնումը
Երևանը դե յուրե ՀԱՊԿ անդամ է, բայց ՀՀ ղեկավարությունը հետևում է փոխգործակցությունից հեռանալու գծին. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Ռուսական կողմն ակնկալում է Երևանի՝ ՀԱՊԿ լիիրավ մասնակցության վերականգնումը։ Այս մասին, tass.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում։

«Հույս ունենք, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունն ամբողջությամբ կվերսկսվի»,- նշել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ Երևանը դե յուրե մնում է կազմակերպության լիիրավ անդամ, սակայն այս փուլում Հայաստանի ղեկավարությունը փաստացի «հավատարիմ է մնում նման փոխգործակցությունից հեռանալու գծին», որը, ռուսական կողմի դիրքորոշմամբ, հակասում է հայ ժողովրդի շահերին։

Զախարովան նաև անդրադարձել է պաշտոնական Երևանի հայտարարություններին։

«Կարծես վերջերս նրանք հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանի տարածքը, հետո սկսեցին հայտարարել, որ սառեցրել են կազմակերպությանն անդամակցությունը։ Հասկանում եք, ամեն բառի, արտահայտության հետևում պետք է կանգնած լինի ոչ միայն իմաստը, որը չափազանց կարևոր է, այլև եթե այն հնչում է պաշտոնյայի կողմից, պետք է նաև պատասխանատվություն լինի ոչ միայն ասվածի, այլև հետևանքների համար։ Ինձ թվում է, որ բառերի հետ խաղալը, այսպես ասած, կարող է լավ բանի չբերել՝հատուկ հաշվի առնելով, որ տարածաշրջանն արդեն անցել է բազմաթիվ փորձությունների միջով»,- նշել է Զախարովան։