Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները կարող են շարունակվել 2013թ.–ի աշնանը

25.06.2013, 17:54
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները կարող են շարունակվել 2013թ.–ի աշնանը։ Ինչպես գրում է РБК–ն, այսօր Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ եվրոպացի դիվանագետներն այն եզրակացության են եկել, որ ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակել, սակայն դրանց մեկնարկի ամսաթիվը պետք է տեղափոխել ավելի ուշ ժամկետի։
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները կարող են շարունակվել 2013թ.–ի աշնանը
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները կարող են շարունակվել 2013թ.–ի աշնանը։ Ինչպես գրում է РБК–ն, այսօր Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ եվրոպացի դիվանագետներն այն եզրակացության են եկել, որ ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակել, սակայն դրանց մեկնարկի ամսաթիվը պետք է տեղափոխել ավելի ուշ ժամկետի։

Այսպիսով, նոր ռաունդը կարող է մեկնարկել միայն հոկտեմբերին. ի սկզբանե նախատեսված ամսաթվից չորս ամիս անց, գրում են գերմանական ԶԼՄ–ները։

   
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն 2013թ.–ի հունիսի 24–ին ասել էր, որ վերջին տարիներին նոր տեղեկատվական նախադրյալներ են հայտնվել տվյալ հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու համար։

Ի սկզբանե նախատեսված էր, որ ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների հերթական ռաունդը կմեկնարկի 2013թ.–ի հունիսի 26–ին, սակայն դրանից մի քանի օր առաջ Եվրոպայում աղմուկ բարձրացավ։ Հունիսի 21–ին Գերմանիայի արտգործնախարարությունը կանչեց թուրք դեսպանին` «խորհրդակցելու» մի քանի օր առաջ Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների նախարար Էգեմեն Բաղիսի կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին ուղղված քննադատության առնչությամբ։     
 
Մասնավորապես` Բաղիսը հայտարարել էր, որ Մերկելի արտահայտությունները, որ ցուցարարների նկատմամբ Թուրքիայի կառավարության գործողությունները «սարսափեցրել են իրեն», արվել է միայն այն բանի համար, որպեսզի իր «հայրենիքում նախընտրական մրցավազքի ժամանակ միավորներ հավաքի»։ Բաղիսի խոսքերը վերաբերում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին Մերկելի կուսակցության դիրքորոշմանը։ Մասնավորապես` Գերմանիայի գործող կանցլերի կուսակցությունը դեմ է ԵՄ–ին երկրի անդամակցությանը (և պատրաստվում է սատարել այդ դիրքորոշմանը 2013թ.–ի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին)` նշելով, որ դաշինքին Թուրքիայի միանալը բացասաբար կանդրադառնա նրա տնտեսության վրա։

Գերմանական ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեաս Պեշկեն ասել է, որ Բաղիսի մեկնաբանություններն «անընդունելի են»։
     
Արդյունքում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ դիվանագետները հրաժարվել են Թուրքիայի հետ 2013թ.–ի հունիսի 26–ին կայանալիք բանակցություններից։ Գերմանիայից բացի, թերահավատ են տրամադրված, մասնավորապես, դաշինքի նրա գործընկերներ Ավստրիան և Նիդեռլանդները, որոնք հայտարարել են ցուցարարների նկատմամբ Թուրքիայի «անընդունելի» դիրքորոշման մասին։ «Մի կողմից մենք չենք կարող ձևացնել, թե վերջին իրադարձությունները տեղի չեն ունեցել, մյուս կողմից` պետք է գործենք դաշինքի երկարաժամկետ ռազմավարական շահերից ելնելով»,– պարզաբանել է Վեստերվելեն` մեկնաբանելով բանակցությունները 2013թ.–ի աշուն տեղափոխելը։  

Գերմանիայի կանցլեր Մերկելը Բեռլինի Առևտրաարդյունաբերական պալատում թուրքական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել էր, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր է միայն Կիպրոսի  Հանրապետության նավերի և ինքնաթիռների համար ծովային և օդային հանգրվանների բացման դեպքում։ –0–