Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԵԺԿ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ

20.02.2013, 19:20
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նա անցած ընտրություններն անվանել է լավագույնն անկախ հանրապետության ողջ պատմության ընթացքում։  
ԵԺԿ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նա անցած ընտրություններն անվանել է լավագույնն անկախ հանրապետության ողջ պատմության ընթացքում։  

«Ջերմորեն շնորհավորում եմ Նախագահ Սարգսյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և լիահույս եմ, որ անձամբ կշնորհավորեմ նրան մարտի 14-ին կայանալիք ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովի ժամանակ: Նաև ուրախ եմ, որ դրանք Հայաստանում երբևէ կազմակերպված լավագույն ընտրություններն էին և մեծապես համապատասխանում էին միջազգային չափանիշներին, ինչպես դա հաստատեցին միջազգային դիտորդական առաքելությունները (ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ, Եվրախորհրդարան, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)»,– ասվում է Մարտենսի ուղերձում։

ԵԺԿ–ի նախագահը վստահություն հայտնեց, որ  Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը կշարունակի ամրապնդվել Նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ:

Ուղերձում նշվում է, որ այս հաղթանակը վկայում է, որ քաղաքացիներն ակնհայտորեն աջակցում են Նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումներին ժողովրդավարական, տնտեսական և իրավական բնագավառներում և քաջալերում դրանց շարունակականությունը: Ավելին, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի բարեհաջող բանակցությունների լույսի ներքո Հայաստանն այժմ օրինակելի է դարձել Արևելյան գործընկերության այլ երկրների համար:

«ԵԺԿ-ն մեծապես աջակցում է Հայաստանի եվրոպական ուղուն, քանի որ Հայաստանը և Եվրոպան ունեն ընդհանուր ժառանգություն, ընդհանուր արժեքներ և վստահաբար կունենան ընդհանուր ապագա»,– նշում է նա։

Մարտենսը շնորհավորեց նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին լավ քարոզարշավի և ընտրություններում ունեցած լուրջ արդյունքների կապակցությամբ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861378 քվե։ Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.74 տոկոս (539 674 քվե)։ Երրորդ տեղում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` 2.15 տոկոս կամ 31643 քվե։ «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի օգտին քվեարկել է ընտրողների 1.23 տոկոսը կամ 18093 ընտրող։

Քաղաքագետ, «Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանը հավաքել է 0.57% (8328), էպոսագետ Վարդան Սեդրակյանը`0.42% (6203), իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանը` 0.24% (3516)։-0-