Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Ուորլիքը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցերը

27.01.2015, 10:50
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեհաստանում ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, երեքշաբթի հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ուորլիքը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցերը
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեհաստանում ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, երեքշաբթի հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ Ուորլիքն իր Twitter-ում գրել էր, որ մեկնում է Լեհաստան, որպեսզի հանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի հետ` քնարկելու համար հրադադարի ռեժիմի պահպանման և հետագա քայլերի հետ կապված հարցեր։

Մամեդյարովը Լեհաստան կմեկնի` մասնակցելու Օսվենցիմի ազատագրման 70-ամյակին նվիրված միջոցառումներին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-