Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 6-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:Հաղորդվում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացին:
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հայտարարությունների մասին
Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սեյգեյ Լավրովը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում փուլային մոտեցման վրա հիմնված կարգավորման նախագծի ակտիվորեն քննարկման մասին, որն առաջարկվել է 2019թ.–ի ապրիլի 15–ին Մոսկվայում: Լավրովի խոսքով, փաստաթուղթը նախատեսում է առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ–ի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաարգելափակում։
Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն փոխադարձ զիջումների միջոցով` կարգավիճակի և անվտանգության միջոցների հստակ որոշմամբ: Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ բանակցային գործընթացում: Ինչ վերաբերում է ԼՂ շուրջ գտնվող «տարածքներին», ապա նախարարն ընդգծել էր, որ դրանք ամենից առաջ անվտանգության գոտի են և պաշտպանական գծեր:
Հակամարտության պատմությունը
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Հայաստանում մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Մահացել է, ցավոք, 40 մարդ:-0-