Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայ պատգամավորներն էլեկտրոնային ԶԼՄ–ներում վիրավորանքների և զրպարտության դեմ պայքարելու մեխանիզմ են ներկայացրել

31.03.2014, 18:22
Երկուշաբթի Հայաստանի ազգային ժողովում կայացել են «Վիրավորանք և զրպարտություն համացանցում. առկա խնդիրներ և առաջարկվող օրենսդրական լուծումներ» խորհրդարանական լսումները` մի շարք պատգամավորների առաջարկած «Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի կապակցությամբ։
Հայ պատգամավորներն էլեկտրոնային ԶԼՄ–ներում վիրավորանքների և զրպարտության դեմ պայքարելու մեխանիզմ են ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Հայաստանի ազգային ժողովում կայացել են «Վիրավորանք և զրպարտություն համացանցում. առկա խնդիրներ և առաջարկվող օրենսդրական լուծումներ» խորհրդարանական լսումները` մի շարք պատգամավորների առաջարկած «Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի կապակցությամբ։

Օրինագծով առաջարկվում է էլեկտրոնային ԶԼՄ–ներում նյութերի վերաբերյալ վիրավորական և զրպարտող մեկնաբանությունների խնդրի կարգավորման մեխանիզմներ ներդնել։

Հիմնական զեկուցող, օրինագծի համահեղինակ, Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արփինե Ալավերդյանը հայտնեց, որ օրինագծում ամրագրված է մի մոդել, որը կիրառվում է ԵՄ տարածքում, մասնավորապես, նմանատիպ օրենք գործում է Մեծ Բրիտանիայում։

Ըստ նրա, սկզբունքն այն է, որ այն անձը, ում նկատմամբ վիրավորական կամ զրպարտող մեկնաբանություն է հրապարակվել, կարող է դիմել տվյալ ԶԼՄ–ին և պահանջել հեռացնել այդ մեկնաբանությունը` հիմնավորելով սեփական պահանջը։

«ԶԼՄ–ն ազատվում են պատասխանատվությունից, եթե մասնակցությունը հրապարակած մեկնաբանությանը միայն տեխնիկական կամ պասիվ բնույթ է կրում»,– ընդգծեց նա։

Նա պարզաբանեց, որ այդ փոփոխությունների նպատակն է` խուսափել «յուրաքանչյուր մանր գործով» դատարան դիմելու անհրաժեշտությունից։

Օրինագծի մեկ այլ կետով սահմանվում է, որ վիրավորական և զրպարտող նյութեր հրապարակելու դեպքում ԶԼՄ–ն պատասխանատվություն կրում է այն դեպքում, եթե չի նշում աղբյուրը։

Օրինագծի սկզբնական տարբերակն առաջարկում էր ԶԼՄ–ների վրա պատասխանատվություն դնել իրենց կայքերում ինտերնետ–ֆեյքերի` վիրավորանք և զրպարտություն պարունակող նյութեր հրապարակելու համար։

Ինչպես նշեց պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հասարակայնության մի մասը չի հասկացել առաջարկությունների էությունը, այդ պատճառով ֆեյքերին վերաբերող և հասարակության կողմից որպես խոսքի և ԶԼՄ–ների ազատությունը սահմանափակելու փորձ ընկալված դրույթները հանվել են օրինագծից։

«Անհերքելի է այն փաստը, որ համացանցը ժամանակակից հասարակություններում կարևոր և անփոխարինելի դեր է խաղում։ Համացանցի սրընթաց զարգացումը ստիպել է աշխարհին տվյալ ոլորտը կարգավորելու ուղիներ փնտրել։ Տարբեր երկրներ կարգավորման տարբեր մեթոդներ են ընտրել` ամենակոշտ մեթոդից մինչև ամենաազատական»,– նշեց Հարությունյանը։

Ըստ նրա, լսումների նպատակն է ներկայացնել տվյալ ոլորտի միջազգային փորձը, քննարկել առկա խնդիրները և միասին լուծման ուղիներ գտնել։

«Վիրավորանքների և զրպարտության խնդիրը շատ է քննարկվում, հատկապես այն դեպքերում, երբ էլեկտրոնային ԶԼՄ–ները դասական լրատվամիջոցների լուրջ մրցակից են դարձել։ «Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում լրացումների կատարման մասին» օրինագծի հեղինակները ԶԼՄ–ների գործունեությունը սահմանափակելու նպատակ չունեն։ Մեր խնդիրն է` տեսնել տվյալ ոլորտում առկա խնդիրները և ապահովել խելամիտ և հավասարակշռված կարգավորում»,– ընդգծեց նա։

Ինչպես նշեց օրինագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, օրենսդիր նախագծի նախաձեռնությունը պատկանել է որոշ ԶԼՄ–ների և դրանց ներկայացուցիչների։

«Այն, որ տվյալ ոլորտը լուրջ կարգավորման կարիք ունի, հասկանում են բոլորը։ Անիմաստ է դիտարկել տվյալ օրինագիծը որպես խոսքի ազատության և ԶԼՄ–ների ազատության սահմանափակմանն ուղղված քայլ»,– ընդգծեց Զոհրաբյանը։ -0-