Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2026 թվականին․ Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարության մեկնարկի ժամկետները։
«2025 թվականի վերջին կորոշվի կապալառու ընկերությունը, իսկ 2026 թվականին կմեկնարկի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը», - նշեց նա տարեվերջյան ասուլիսի ժամանակ։
Քաղաքապետը որպես շինարարության մեկնարկի ուշացման պատճառ նշել է փորձաքննությունները, որոնք, նրա խոսքով, նախկինում Հայաստանում չէին իրականացվում։ Նա հավելել է, որ այս պահին իրականացվում է համալիր փորձաքննություն։
«Աջափնյակ» կայարանի մասին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը նախնական գնահատմամբ կազմում է մոտ $50 միլիոն: Նախագծային աշխատանքների համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է 750 միլիոն դրամ, իսկ Երևանի քաղաքապետարանը՝ ևս 554 միլիոն դրամ։
«Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար արդեն իսկ անցկացվել է մրցույթ և հաղթողի՝ «Մետրոգիպրոտրանս» ընկերության (Ռուսաստան) հետ կնքվել է պայմանագիր։ Նախնական փորձաքննություն անցկացնելու մասին պայմանագիրն արդեն ստորագրվել է։
Երևանի մետրոպոլիտենի մասին
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981 թվականին։ Այս պահին Երևանում գործում է մետրոյի 10 կայարան։ Մետրոյի բոլոր գծերի ընդհանուր երկարությունը 13,4 կմ է։