Հայաստանում հունվար–հոկտեմբերին մահացել է 21 228 մարդ, աճը կազմել է 5,3%
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին մահացել է 21 228 մարդ, ինչը 5,3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Մարդկանց կեսից ավելին (53,1%-ը կամ 11265 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, այս ցուցանիշը 5,6%-ով ավելի է, քան 2023 թվականի 10 ամիսներին։
Մահացության պատճառների թվում երկրորդ տեղում նորագոյացություններն են (20,8% կամ 4419 մարդ, աճը՝ 3,5%)։
Մահվան այլ պատճառներից են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9,2% կամ 1962 մարդ, աճը՝ 12,7%), մարսողական համակարգի հիվանդությունները (5,2% կամ 1095 մարդ, աճը՝ 12,9%), հիվանդացության և մահացության արտաքին պատճառները ( 4.2% կամ 886 մարդ, նվազումը՝ 3.3%), էնդոկրին համակարգի հիվանդությունները (1.7% կամ 365 մարդ, աճը ՝1.7%), ինֆեկցիոն հիվանդությունները (0,9% կամ 201 մարդ, աճը՝ 64,8%)։