Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

10 բնակավայրերում ներդրված նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների ծրագրով տրամադրվել է մոտ 7,8մլն դրամի դրամաշնորհ. փոխնախարար

23.12.2021, 15:14
Փոխնախարարը հայտարարել է, որ 2022թ.-ին ֆինանսավորում կհատկացվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1600 երեխաների
10 բնակավայրերում ներդրված նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների ծրագրով տրամադրվել է մոտ 7,8մլն դրամի դրամաշնորհ. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/.  Նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման նպատակով 2021-ին առաջին անգամ գործարկվել են մի շարք ծրագրեր: Գործարկված մոդուլային մանկապարտեզների ծրագրի շրջանակում հաստատվել է 20 բնակավայրերի ցանկ, որտեղ իրականացվում են անհրաժեշտ աշխատանքները՝ մոդուլային մանկապարտեզների կառուցման համար։

Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա հիշեցրեց, որ առաջին անգամ 10 բնակավայրերում ներդրվել է նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների ծրագիրը, որով նախադպրոցական ծառայությունների ստեղծման համար բնակավայրերին տրամադրվել են դրամաշնորհներ՝ յուրաքանչյուրին շուրջ 7.8 մլն դրամ՝ վերանորոգման, կահավորման և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացման համար։

«Հասանելիության տեսանկյունից առանցքային նշանակություն ուներ նախադպրոցական հաստատություններում պետբյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգի հաստատումը կառավարության կողմից, ինչը հնարավորություն է ստեղծում ֆինանսավորում հատկացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, աջակցելու զինծառայողների երեխաներին՝ նախադպրոցական կրթություն ստանալուն»-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ այս շրջանակում արդեն 2022-ի սեպտեմբերից ֆինանսավորում կհատկացվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1600 երեխաների:

Անդրեասյանը նաև ասաց, որ առաջին անգամ հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը՝ որպես կառավարության որոշում։ Չափորոշչի հիման վրա մշակվել են նախադպրոցական կրթական ծրագրերը, որոնք հաստատվել են ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ փորձարկման համար։

«Փորձարկումը կիրականացվի Երևանի և մարզերի շուրջ 60 հաստատություններում։ Այս գործողությունների շնորհիվ էապես կբարձրանա նախադպրոցական կրթության որակը՝ ապահովելով մանկապարտեզից դպրոց հարթ անցումը»,-ասաց փոխնախարարը։

Նա նաև խիստ կարևորեց կադրերի մասնագիտական որակավորման, ընտրության և նշանակման գործընթացների միասնականացումն ու բարելավումը:

«Այս նպատակով մշակվել են մի շարք կարգեր՝ նախադպրոցական հաստատության մանկավարժի ընտրության կարգը, որով նախատեսվում է մրցութային գործընթաց, տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգը, որի համաձայն՝ արդեն եկող տարվանից նախադպրոցական հաստատությունների տնօրենները կանցնեն հավաստագրման գործընթաց»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ տարբեր ծրագրերի շրջանակում նախադպրոցական հաստատությունների համար իրականացվել են վերապատրաստման ծրագրեր, իսկ 2022-ից՝ վերապատրաստումը կդառնա պարբերական իրականացվող պետական ծրագիր։

«Հետագայում կներդրվի նաև ատեստավորման համակարգ՝ աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ, որը ներկայումս քննարկվում է»,-ասաց Անդրեասյանը:-0-