Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը

26.01.2023, 12:43
Ձերբակալված բարձրաստիճան զինվորականի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./ԱՌԿԱ/. Զինվորների կացարանում հրդեհի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է Պաշտպանության նախարարության N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա-ն, «Ազատությանը» տեղեկացրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ձերբակալված բարձրաստիճան զինվորականի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

Ըստ Գլխավոր դատախազության՝ հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված՝ վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողները ոչ միայն չեն կարողացել մարել կրակը, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհանների երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։–0–