2018թ.-ին ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են ռեկորդային թվով երկրներ ուղևորվել
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Անձնագրերի 2018 թվականի ինդեքսում Հայաստանը բարձրացել է երկու հորիզոնականով` աշխարհի 59 երկրներ առանց մուտքի արտոնագրի այցելելու հնարավորությամբ:
Henley & Partners ընկերության անձնագրերի ամենամյա ինդեքսը վերլուծում է աշխարհի ավելի քան 200 երկրների և տարածությունների վիզային կանոնները և վարկանշում է դրանք առանց վիզայի մուտքի երկրների թվով:
2018 թվականին Հայաստանը համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 76-րդ հորիզոնականը` կիսելով այն Ղրղըզստանի հետ: Հայերը կարող են առանց վիզայի այցելել աշխարհի 59 երկիր: Սա վերջին տարիների լավագույն արդյունքն է (58 երկիր` 2017թվականին, 57 երկիր` 2016-ին, 52` 2015-ին):
Հայաստանի հարևան երկրները վարկանշում տեղավորվել են հետևյալ կերպ` Թուրքիան 50-րդ հորիզոնականում է, Վրաստանը` 53-րդ: Ռուսաստանը գտնվում է 48-րդ հորիզոնականում:
Վերջին տարիների ընթացքում վարկանիշի առաջին հորիզոնականում անփոփոխ գտնվում է Գերմանիան: Գերմանական անձնագրով 2018 թվականին առանց մուտքի արտոնագրի կարելի է ճանապարհորդել աշխարհի 177 երկիր: -0-