2019 թ.–ին Հայաստանում առաջին անգամ կհայտնվի սանավիացիոն ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պատրաստվում ենք իսկական սանավիացիոն ծառայություն հիմնել 2019թ․՝ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։
Նա նշել է, որ նախօրեին թռիչք է իրականացրել Armenian Helicopters LLCընկերության ուղղաթիռներից մեկով, որի հետ ԱՆ–ն պատրաստվում է գործարկել Հայաստանի պատմության մեջ առաջին սանավիացիոն ծառայությունը։
«Փորձարկման նպատակը Երևանում երկու խոշոր բժշկական կենտրոնների տարածքում վայրէջքի տեղեր մատնանշելն էր։ Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների մասին է։ Երկու տեղում էլ գտանք հարմար վայրէջքի կետեր։ Ծառայությունը կսկսի գործել մոտավորապես 3-4 ամսից, քանի որ ուղղաթիռները պետք է համապատասխանորեն վերազինվեն, ինչպես նաև մանրամասն մշակվի պացիենտների տարհանման մեխանիզմը՝ մարզերից Երևան։
Հավելյալ տեղեկատվություն կտրամադրեմ նոր զարգացումների մասին», – գրել է Թորոսյանը։
Հայաստանում հիմնադրված «Armenian Helicopters» ընկերությունը 2018թ.–ի հունիսին հայտարարել է թռիչքներ իրականացնելու պատրաստակամության մասին։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ընկերությանը տրամադրել է օդանավերի շահագործման վկայագիր։ Ընկերությունը նախատեսել է 10մլն դոլարի ներդրումներ իրականացնել առաջիկա երեք տարում և ստեղծել նոր աշխատատեղեր։ Ընկերության գործունեությունը խթանելու համար ՀՀ կառավարությունը 2018 թ.–ի ապրիլի 19–ին տրամադրել է հարկային տուրքերի վճարման արտոնություններ անհրաժեշտ սարքավորումներ ներկրելու համար։–0–