252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում ԱԱԾ–ի մոտ կազմակերպված հավաքի հետևանքով. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել են հավաքները: 2020 թվականի հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը' Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, կազմակերպել և անցկացրել են հավաք, նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
«Նշված անձինք չեն ենթարկվել նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին, ուստի ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին
Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:
Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:
Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության:
ԱԱԾ շենքի դիմաց Ծառուկյանի աջակիցները, այդ թվում ԲՀԿ-ական պատգամավորներ ցույց էին իրականացնում:
Այսօր ԱԱԾ-ն տարածել է մի շարք հաղորդագրություններ:
Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:
Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր:
Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:
Ուշ երեկոյան Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից և հայտարարեց, որ այսօրվա բոլոր գործողությունները համարում է քաղաքական։–0–