444 ծանր, 131 ծայրահեղ ծանր քաղաքացի, ռեանիմացիաներում ազատ տեղեր չկան. Թորոսյան (ՎԻԴԵՈ)
«Այս պահին ունենք 444 ծանր, 131 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որից 39-ը թոքերի արհեստաական օդափոխության սարքերի վրա են։ Մենք արդեն ունենք 263 ռեանիմացիոն մահճակալ, որը տրամադրած է միայն կորոնավիրուսին, երկու շաբաթ առաջ դրանք 200 էին, բայց, միևնույն է, ազատ տեղեր չկան։ Իրենք շատ արագ են ծանրաբեռնվում, և մեր բժիշկները արագ փորձում են մի թեթև ծանրացող քաղաքացուն տանել ռեանիմացիոն բաժանմունք, որպեսզի կանխարգելեն վատացումը», – ասաց Թորոսյանը։
Խոսելով վարակված քաղաքացիների մասին, որոնք մասնագիտացված հիվանդանոցներում չեն` Թորոսյանը նշեց, որ առավոտվա դրությամբ 143 հոգի կարիք ունի հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում են տանը։
«Նրանցից 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզացիայի, 16-ը միջին ծանրության են։ Բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը», – ասաց նախարարն` ավելացնելով, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում։
«Այս թիվը օրվա ընթացքում տատանվում է, վերջին օրերին ունեցել ենք մինչև 200 կամ քիչ։ Բայց նվազելու միտում չկա», – նշել Թորոսյանը։
Նախարարն, անդրադառնալով նախօրեին ներկայացված գրաֆիկին, նկատեց, որ թեև միտումների առումով դրական տեղաշարժ կա, սակայն բացարձակ թվերի առումով վիճակը լավ չէ, և դա լուրջ խնդիր է:
«Շատ մեծ կուտակումների կան մոտ հասցեների ու նույն փողոցում եղած դեպքերի։ Մենք կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունենք վերահսկել դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահումը, իսկ բակերում շատ դժվար է և չեմ պատկերացնում այլ գործիք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը։ Երբ նայում ենք զրուցարանում նարդի խաղացող մեր քաղաքացիներին, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է միմյանց վարակելուց», – ասաց Թորոսյանը։
Հայաստանում հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով։–0–