Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԱԾ-ն հանդես է գալիս նոր բացահայտումներով. խոսքը Սյունիքի նախկին մարզպետի մասին է

18.06.2019, 17:21
ԱԱԾ-ն հանդես է գալիս նոր բացահայտումներով. խոսքը Սյունիքի նախկին մարզպետի մասին է։
ԱԱԾ-ն հանդես է գալիս նոր բացահայտումներով. խոսքը Սյունիքի նախկին մարզպետի մասին է

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

«ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին» – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից: 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կատարվում է նախաքննություն:

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, մինչև 2016թ.–ի հոկտեմբերի 6–ը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է Սուրիկ Խաչատրյանը։

Միաժամանակ, Սուրիկ Խաչատրյանից հետո Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վահե Հակոբյանի նախկին մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով ԱԱԾ–ին հաղորդագրություններ տարածելիս չտալ տարըմբռնման տեղիք։

«Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը մամլո հաղորդագրություն է տարածել 2016 թվականին Սյունիքի նախկին մարզպետի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բացահայտման վերաբերյալ։ Որպես Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի նախկին մամուլի քարտուղար պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահե Հակոբյանը չունի որևէ առնչություն նշված իրադարձությունների հետ։ Շփոթմունքն առաջացել է այն բանի հետևանքով, որ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 2016 թվականի ընթացքում Սյունիքն ունեցել է երկու մարզպետ. Սուրեն Խաչատրյան և Վահե Հակոբյան։ Ինձ համար անհասկանալի պատճառներով հաղորդագրությունը կազմողները չեն նշել նախկին մարզպետի անուն ազգանունը, ինչը դարձել է նման անդուր շփոթմունքի պատճառ։ Հորդորում եմ ԱԱԾ մամուլի կենտրոնին հետայսու նման հաղորդագրություններ կազմելիս լինել չափազանց ուշադիր և չտալ տարըմբռնման տեղիք», – նշել է Սաղաթելյանը։–0–