ԱԻՆ. որոշվել է միակողմանի բացել «Սուրմալու»-ի մոտ գտնվող Քրիստափորի փողոցի հատվածը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./ԱՌԿԱ/. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստնյանը Facebook-յան իր էջում, երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։
«Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ», - նշել է Կոստանյանը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին հզոր պայթյուն էր գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, անհետ կորած է համարվում 1 մարդ՝ Վանիկ Ամիրխանյանը:-0-