Рейтинг@Mail.ru
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ԱՆ․ Հայաստանում կապիկի ծաղկի դեպք չի գրանցվել, հետագայում տարածման ռիսկը ցածր է

16.08.2024, 12:58
Օգոստոսի 14-ին, ԱՀԿ–ն արտակարգ իրավիճա է հայտարարել՝ պայմանավորված «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքերի աճով
ԱՆ․ Հայաստանում կապիկի ծաղկի դեպք չի գրանցվել, հետագայում տարածման ռիսկը ցածր է

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։  

Օգոստոսի 14-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև` սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ: 

Ի՞նչ է «Կապիկի ծաղիկը» 

Այն վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրներում: 

Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով: 

Գաղտնի շրջանը 5-21 օր է, ախտանշանները` տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: 

Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում: 

Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում, շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը 0-11%): 

Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85%-ով արդյունավետ է նաև «Կապիկի ծաղիկ» հիվանդության համար։ Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ օգտագործվում է այս հիվանդության դեմ: 

Ինչպե՞ս կանխարգելել

  • Լինել իրազեկված
  • Պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները
  • Բացառել ցանավորում ունեցող անձանց հետ շփումը
  • Աֆրիկա ճամփորդելիս կամ այնտեղից վերադարձած անձի հետ շփումից հետո մաշկի ցանավորման և այլ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել վարակաբանի: