Արայիկ Հարությունյան. դպրոցներում փոխադրական և ավարտական քննություններ չեն լինի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ. Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանյանն Facebook-յան էջի ուղիղ եթերում անդրադարձել է ուստարվա ամփոփիչ ավարտական ու փոխադրական քննությունների թեմային:
Նա նախևառաջ հստակեցրել է, որ ուսումնական տարին ավարտվելու է հեռավար ուսուցմամբ և հետո անդրադարձել փոխադրական քննություններին:
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4–րդ և 9–րդ դասարանների ավարտին»,- նշել է նա:
«Աշակերտների մինչև մարտի 13–ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաև ավագ դպրոցի 10–րդ և 11–րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով»,- հայտնել է նախարարը։
Նախարարը նշել է, որ այս տարվա քառորդները ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ընկած ժամանակահատվածի գնահատականներով:
«Մենք կունենանք կիսամյակային գնահատականներ, այնուհետև տարեկան գնահատականներ»,- նշել է Հարությունյանը:
Նա հայտնել է, որ դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվելու:
«Ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4–րդ և 9–րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասն ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել՝ պահպանել կա՛մ քննության արդյունքը, կա՛մ ընտրել տարեկան գնահատականը, որպես ատեստատում քննական գնահատական։ Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25–ը»,- նշել է նա:
Ուսումնական տարվա ամփոփումն արվելու է մինչև մարտի 13-ի գնահատականներով: -0-