Ակնկալում ենք, որ Հայաստանում ՄԻՊ կառույցի արդյունավետությունն ավելի կբարձրանա. Փաշինյանը շնորհավորել է նորընտիր ՄԻՊ–ին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի կառույցի արդյունավետությունն ավելի կբարձրանա և ՀՀ պետական մարմիններին կօգնի բարելավվել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
Այս մասին կառավարության հեթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանին:
«Ուզում եմ արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը: Նախկինում մենք ունեցել են 4 մարդու իրավունքների պաշտպան, և բոլորն էլ իրենց մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել: Ուստի ես սա կարևոր են համարում՝ սրանից բխող ակնհայտ և ոչ ակնհայտ հետևություններով»,-ասաց Փաշինյանը:
Իր հերթին Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ համագործակցությունը իշխանության բոլոր ճյուղերի հետ մարդու իրավունքների պաշտպանի մանդատի լավագույնս դրսևորման այն կարևոր երաշխիքն է, որը հնարավորություն կտա երկրում ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ իրավիճակ, քան այսօր առկա է:
Նշենք, որ ԱԺ-ն հունվարի 24–ին փակ քվեարկությամբ, 68 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, օմբուդսմենի պաշտոնում ընտրեց Քրիստինե Գրիգորյանին։ Նորընտիր պաշտպանը 2019 թ.-ի հուլիսի 3-ից մինչ հունվարի 20-ը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թ.-ի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի լրանալու հաջորդ օրը:–0–