Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Առաջիկա 5 օրերին ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, սպասվում է բուք (ՖՈՏՈ)

21.03.2022, 13:15
Վերջին 40 տարիների ընթացքում Հայաստանում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել. ՖՈՏՈ
Առաջիկա 5 օրերին ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, սպասվում է բուք (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./ԱՌԿԱ/. Մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով և բացառիկ առատ ձյան տեղումներով։ Հատկապես վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։

Ինչպես հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝ 210-230%-ը։

Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։ Մասնավորապես Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100սմ-ի և ավելին։

Մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով` մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի:

Վերջին 40 տարիների ընթացքում Հայաստանում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։

Ինչպես հայտնում են կենտրոնից, մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։

Առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով։–0–