Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Արտակարգ դրության ժամանակ աշխատանքից ազատված քաղաքացիները նպաստ կստանան

30.03.2020, 15:12
Արտակարգ դրության ժամանակ աշխատանքից ազատված քաղաքացիները նպաստ կստանան
Արտակարգ դրության ժամանակ աշխատանքից ազատված քաղաքացիները նպաստ կստանան
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօր արտահերթ նիստի ժամանակ հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը։

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում այն ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1–ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը, ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա։

Այս աջակցությունից նաև չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել, ով հանդիսացել է այլ նպաստների շահառու, որոնք վճարվում որպես փոխհատուցում արտակագ դրության ժամանակ աշխատանքից ազատվելու համար։

Սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:

Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս որոշման մեջ խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր կորցրել են աշխատանքը մարտի 13–30–ն ընկած ժամանակահատվածում և նոր աշխատանք չեն գտել և չեն համարվում այլ ծրագրերի շահառուներ։
«Նրանք պետք է դիմեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Հայտերն ընդունվելու են էլեկտրոնային տարբերակով ապրիլի 2–ից, սակայն նախարարությունն աշխատելու է այն բանի ուղղությամբ, որ այդ միջոցները փոխանցվեն հաշվին առանց հայտերի», – նշեց վարչապետը։

Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Մարտի 30–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 դեպք, բուժվել է 30 մարդ, փաստացի բուժում է անցնում 449 մարդ, բացասական թեստերի թիվն է 2216, 3 մարդ, ցավոք, մահացել է։–0–