Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Աշխարհում, նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր. ԱՆ

05.05.2020, 21:37
Նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են
Աշխարհում, նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացնում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքերի կապակցությամբ։

«Աշխարհում նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր: Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում», – նշել են ԱՆ–ից:

Այսօր դեռևս այս հարցի վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված է այն մտքին, որ կարող է վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն լինել հյուսվածքներում` երբ վիրուսը չի բազմանում, սակայն ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ, ինչը հայտնաբերվում է թեստավորման արդյունքում:

Գերատեսչությունից նշում են, որ այդուհանդերձ նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են:

«Պացիենտները որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: Նրանք մեկուսացվել են` հավանական վարակը կանխարգելելու նպատակով», – նշել են գերատեսչությունից:

Նշենք, որ Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրակացության, որ նման դեպքերը ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, ինչը հայտնաբերվում է ՊՇՌ թեստավորմամբ:

Դեռևս այս հարցի վերջնական և ստույգ պատասխան չկա: Ուստի, պետք է շարունակել պահպանել անվտանգության կանոնները:

Մայիսի 5–ի ժամը 11–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Մահացել է, ցավոք, 40 մարդ:–0–