Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ավագ դպրոցում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ, հավաքած կրեդիտները կարող են հաշվի առնվել բուհ կամ միջին մասնագիտական հաստատություն ընդունվելիս

18.08.2021, 14:37
Հանրակրթության պետական  և առարկայական նոր չափորոշիչների շուրջ շարունակական քննարկումներ են կազմակերպվում դպրոցում կրթությունը ավելի արդյունավետ դարձնելու համար
Ավագ դպրոցում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ, հավաքած կրեդիտները կարող են հաշվի առնվել բուհ կամ միջին մասնագիտական հաստատություն ընդունվելիս

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «Ռեստարտ» համայնքային զարգացման ծրագրի մասնակից երիտասարդները քննարկել են կրթական բարեփոխումների, հանրակրթության համակարգում մասնագիտական կողմնորոշման բաղադրիչին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը: 

Մասիսցի երիտասարդներին ընդունել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Կրթական համակարգի բարեփոխումների փուլում ամենակարևորը դուք եք, և մեր նպատակն է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել՝ զարգացնելու ձեր կարողությունները, բացահայտելու նախասիրությունները, որպեսզի մեր երկրի զարգացման գործում ձեր կարևոր դեր ունենաք»,- ասել է փոխնախարարը: 

Նրա խոսքով՝ հանրակրթության պետական  և առարկայական նոր չափորոշիչների շուրջ շարունակական քննարկումներ են կազմակերպվում դպրոցում կրթությունը ավելի արդյունավետ դարձնելու համար: 

Ավագ դպրոցում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ, ըստ որի՝ հավաքած կրեդիտները կարող են հաշվի առնվել բուհ կամ միջին մասնագիտական հաստատություն ընդունվելիս՝ շաղկապելով կրթական տարբեր մակարդակները: Հաջորդ կարևոր անելիքն ավագ դպրոցում մոդուլային դասընթացների իրականացումն է: Այն ենթադրում է կարճաժամկետ դասընթացներ (առարկան դասավանդվի ոչ թե 1 տարի, այլ 6 ամիս) այն հստակ մասնագիտական ուղղվածությամբ, որը կընտրի աշակերտը: Ժ.Անդրեասյանը տեղեկացրել է, որ բոլոր փոփոխությունները նախատեսված են նոր չափորոշիչներով և առաջիկայում փորձարկվելու են: 

Անդրադառնալով մասնագիտական կողմնորոշման բաղադրիչին՝ նախարարի տեղակալն ասել է, որ նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման ակումբները դպրոցներում դարձնել պարտադիր: Դա աշակերտներին հնարավորություն կտա տարբեր ծրագրերի, դասընթացների միջոցով ծանոթանալ մասնագիտություններին, իրազեկվել՝ որը ինչ հեռանկար ունի, ինչ աշխատատեղեր կան և այլն: Նա ներկայացրել է նաև միջին մասնագիտական կրթական համակարգում ներդրված նոր մասնագիտությունները, խորհուրդ է տվել ուսումնասիրել և, հաշվի առնելով դրանց արդիականությունն ու պահանջարկը՝ դիմել:

Հանդիպման ընթացքում աշակերտները նախարարի տեղակալին և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին ուղղել են տարաբնույթ հարցեր կրթական բարեփոխումների, աշակերտական խորհուրդների, բուհերում կրթաթոշակների և այլնի վերաբերյալ:–0–