Ավինյան․ մեր օրակարգն է առաջարկել մարդկանց համար ընդունելի լուծումներ, բայց չպետք է գեթ մեկ սանտիմետր շեղվենք միասնական տոմսային համակարգից

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/ԱՌԿԱ/․ Պետք է գտնել ամենանվազագույն տարբերակը՝ միասնական տոմսային համակարգի փուլային ներդրման ուղղությամբ:
Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Գնայինը, որտեղ կարող ենք ավելի ճկուն գտնվել, վստահաբար, պետք է ավելի ճկուն գտնվել։ Ի վերջո, մեր նպատակն այն չէ, որ մարդիկ ավելի շատ վճարեն։ Մեր նպատակն է, որ 4 տարի հետո այս տրանսպորտային համակարգը չմաշի, գնա, ինչպես այս երկրում մաշել է ամեն ինչ։ Մեր նպատակն այն է, որ 7 տարի հետո կարողանանք նոր ավտոբուսներ գնել, 250 նոր էլեկտրոավտոբուս գնել»,-հայտարարեց նա:
Նրա խոսքով, իրենց օրակարգն է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն մարդկանց կողմից, բայց չպետք է գեթ մեկ սանտիմետր շեղվենք միասնական տոմսային համակարգից։
Միասնական տոմսային համակարգի մասին
2025 թվականի փետրվարի 1–ից Երևանն ամբողջությամբ անցնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.
* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)
* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)
* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)
* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)
* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)
* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)
Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։
Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։
Արտոնությունների մասին
2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):
Բոյկոտի մասին
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը։
Մարությանը նախաձեռնել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ՝ կազմակերպելով ակցիա մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ և առաջարկելով քաղաքացիներին միանալ պայքարին։
Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից մտնել ավտոբուս, 100 դրամանոց կամ երկու հատ 50 կամ այլ մանրադրամ դնել վարորդի կողքի հատվածում և անցնել առաջ։