Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ». Փաշինյանն անդրադարձել է կրթության որակին Հայաստանում

01.09.2022, 12:03
Նա նշեց, որ այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ  մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն  ստանալու հնարավորությունից
«Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ». Փաշինյանն անդրադարձել է կրթության որակին Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 1-ի նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին գիտելիքի օրվա առթիվ:

«Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին և միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակյալ աշխատուժի բացակայության մասին պնդումները», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ:

«Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են հնչում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ: Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում», – նշեց Փաշինյանը

Նրա խոսքով, մինչև 2026 թվականը Հայաստանում կառուցվելու, վերակառուցվելու կամ հիմնանորոգվելու է 300 դպրոց և 500 մանկապարտեզ:

«Այս ծրագրի իրականացման արդյունքում, նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ և դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա»,- ասաց Փաշինյանը:–0–