Բացահայտվել է կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու հերթական դեպքը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, պետության հիմքերը քայքայող այդ արատավոր երևույթի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը, հաղորդում է ԱԱԾ–ն։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժը 2019 թ. դեկտեմբերին պարտավորվել է ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել զորակոչային տարիքի հասած երիտասարդի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու գործընթացը, որի համար վերջինիս մորից միջնորդավորված պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը՝ 10.000 ԱՄՆ դոլարը, այն փոխանցել է իրավասու պաշտոնատար անձին, որն էլ կարգավորել է զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու հարցը։
Բավարար փաստական տվյալների ձեռք բերման արդյունքում կաշառք ստանալուն օժանդակող վիրաբույժը բերման է ենթարկվել, կաշառք տվող անձը և միջնորդն անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են կաշառք տալու հանգամանքը։
«Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստանալուն օժանդակողը ձերբակալվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0