Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ երրորդ նախագահի մասնակցությամբ քրեական գործի նախաքննությունը

20.01.2020, 16:25
ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ երրորդ նախագահի մասնակցությամբ քրեական գործի նախաքննությունը
ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ երրորդ նախագահի մասնակցությամբ քրեական գործի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում առանձնապես խոշոր չափերով գումարի վատնելու գործով (որի մեջ ներգրավված է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը) նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Ըստ գերատեսչության հաղորդման, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար`

Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում),

Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցություն և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում),

Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(հանցակցություն և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում),

Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(հանցակցություն և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում):

«Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-