Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ադրբեջանցի զինծառայողների կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը։
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: ՊՆ–ից հավելել են նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:
«Չեմ կարող ասել՝ ինչո՞վ է պայմանավորվում, թե՛ գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե՛ ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ, շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են», – նշեց Տոնոյանն` ավելացնելով, որ «այս պահին պատասխան տալու չունենք»։
«Կակառակը՝ մեր հումանիտար պարտքը կատարել ենք, պաշտպանական բանակը իրականացրել է այն, ինչ պետք է իրականացներ։ Երեկ երեկոյան դիակը փոխանցվել է ադրբեջանական կողմին»:–0–