ԵՊՀ–ում դասադուլ է. ուսանողները բողոքում են նախարարության օրինագծի դեմ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի պետական համալսարանի ուսանողներն այսօր առավոտից դասադուլ են անում` բողոքելով բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի դեմ։
Ինչպես նշել է Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան Վարդան Պետրոսյանը, ուսանողների նախաձեռնությունը տեղին է։
«Այն ուղղված է հայերենի` որպես ազգային լեզվի շահերի պաշտպանությանը», – նշել է Պետրոսյանը։
ԵՊՀ–ի բանասիրության ֆակուլտետի գրեթե բոլոր ուսանողները դեմ են օրինագծին` նշելով, որ եթե պետք լինի, տարիներով դասադուլ կանեն։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծ, ըստ որի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։–0–