Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Եթե պայմանն ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի. Փաշինյանը կրկին անդրադարձել է սպանդանոցների խնդրին

23.01.2020, 12:37
Փաշինյանն այսօր կառավարության նիստից առաջ կրկին անդրադարձել է սպանդանոցների հետ կապված իրավիճակին
Եթե պայմանն ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի. Փաշինյանը կրկին անդրադարձել է սպանդանոցների խնդրին

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից առաջ կրկին անդրադարձել է սպանդանոցների հետ կապված իրավիճակին։ 

«Երեկ ես Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ խոսեցի սպանդանոցների հետ կապված իրավիճակի մասին, ես ուզում եմ նաև այսօր հստակեցնել այդ խոսակցությունը, որովհետև ինչքան հասկանում եմ առնվազն մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից, բայց ես ուզում եմ հստակեցնել,թե մենք ինչ ենք պայմանավորվում։ 

«Առաջինը արձանագրում ենք հետևյալը, որ մինչև փետրվարի 6-ի նիստը մենք կրկին նայում ենք, ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի մեր ծրագրերը` կապված գյուղատնտեսության, այսինքն` այն ծրագրերը, որոնք այսօր էլ կարող են ֆինանսավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին և պլյուս դրան՝ լիզինգային ծրագրերը, որոնց մեջ պիտի տեղ լինի շարժական սպանդանոցների համար», – նշեց Փաշինյանը: 

Նրա խոսքով, կազմվում է  նախընտրելի քարտեզ՝ բաշխվածության և խտության, և «մենք հասցեական ֆինանսավորում ենք և այնպես ենք անում, որ այդ պոտենցիալ սպանդանոցներն ունենան  անհրաժեշտ և խելամիտ բաշխվածություն, որպեսզի ՀՀ–ում մարզերում լինի սպանդանոցների համաչափ հասանելիություն»:

«Այս ընթացքում ընդունում ենք առաջարկներ, թե ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի: Եվ այս ամենի արդյունքում մենք պայմանավորվում ենք հետևյալը, որ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևան քաղաքի սուպերմարկետները, հանրային սննդի օբյեկտները, մյուս տեղերում մենք թողնում ենք իրավիճակն այնպիսին, ինչպիսին կար դե–ֆակտո այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի մեկից ամբողջ հանրապետությունն անցնելու է այս նոր համակարգին, և որևէ ցույց, բողոքի դրսևորում և այլն չի լինելու` անկախ ամեն ինչից: Եթե այս պայմանն այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է կամ համենայն դեպս համաձայն են, որ մենք  պայմանավորվենք սրա շուրջ, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք հուլիսի 1–ի հետ կապված, և սա պետք է լինի մեր պայմանավորվածությունը, եթե պարզվի` ընդունելի չէ, ուրեմն մենք պետք է ասենք, որ այսօրվանից է այդ պայմանը գործում։ Այսինքն եթե հուլիսի 1–ից հետո էլ սա ընդունելի չի լինելու, ուրեմն այսօրվանից է գործում։ Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի», – նշեց Փաշինյանը ու դիմեց Սննդի անվտանգության տեսչական մարմին ղեկավարին` նշելով, որ այս ընթացքում պետք է իրազեկել մարդկանց, թե սպանդոնցներն ինչ պայմանով են գործում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Երևանում մսավաճառները և անասնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում` պահանջելով վերանայել սպանդանոցներում մորթն իրականացնելու պարտադիր պահանջը, որն ուժի մեջ է մտել 2020թ.–ի հունվարի 15–ից։ Մասնավորապես, դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ գործող սպանդանոցները բավարար չեն մսի պահանջարկը բավարարելու համար։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանը հունվարի 17-ին հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և անասնաբույծների հետ։ Սպանդանոցների անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան ասվել է, որ այս պահին արդեն գործող 25 սպանդանոցների հզորությունները կարող են բավարարել Երևանի մսի պահանջարկը: Հանդիպմանը նշվել է, որ առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 23 սպանդանոց, որոնք արդեն ի վիճակի կլինեն ծածկել ողջ հանրապետության պահանջարկը:–0–