Գրիպի պատվաստանյութն արդեն երկրում է. կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար:
«Պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԱՆ–ից հայտնում են, որ այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ:
Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռք բերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին:
«Միաժամանակ, սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար: Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար», – նշում են գերատեսչությունից:–0–